Երազ 4 կամ ներդաշնակ կտկտոցներ
Դրսում անձրևը մերթ վարարում է, մերթ բարակում: Դա հասկացվում է տանիքից լսվող կտկտոցներից: Ժամացույցով նույնիսկ կարելի չափել դրանց արագությունը:
Ականջ եմ դնում ժամացույցի զարկերին:
Հետո անցնում եմ սրտիս տրոփյունին, որը զգում եմ ծոծրակիս ու քունքերիս: Երևի ճնշու՞մս է բարձր…
Փոխնեփոխ կտկտոց, զարկ ու տրոփյուն լսելով՝ աննկատ քնով եմ անցնում:
Ռիթմիկ ձայները շարունկվում են: Այս անգամ դրանք նման են Մորզեի հաղորդագրության և ավելի բարձր հաճախականություն ունեն: Բանասիրական տերմիններով ասած՝ դրանք մեղմաձայն, սուր և ընդհատ-ընդհատ սուլոցներ են:
Հագիս զինվորական համազգեստ է: Ականջակալներ հագած՝ կուրսի մեր ամբողջ խմբով նստած ենք ռադիոկապի դասասենյակում: Սպիտակահեր, ծերուկ փոխգնդապետը մերթ ընդ մերթ խորամանկ հայացք է նետում իմ կողմը, կարծես ուզում է ասել. «Посмотрим, сможешь ли справиться с новой задачей?…»:
Ծերուկին բոլորս հարգում ենք: Խստաբարո է՝ կարգ ու կանոն պահանջող, բայց և առիթը եղած դեպքում չի խուսափում մեզ հետ զրուցելուց ու կատակաբանելուց:
Փորձում եմ կենտրոնանալ ականջներիս մեջ հնչող ռադիոգրի վրա և վերածել այն հոդաբաշխ լեզվի.
- Օրերն էլ են կտկտում. եթե ուշադիր լինես, կարող ես լսել: Ցերեկը՝ կտտոց, գիշերը՝ դադար.
- Ամիսների կտկտոցն էլ է հնարավոր լսել. բայց նախ ինքդ քեզ վրա պետք է աշխատես, որպեսզի կարողանաս ճիշտ հաշվել լուսնի փուլերը: Լիալուսինը՝ կտտոց, նորալուսինը՝ դադար.
- Տարիներիդ կտկտոցը պարզորոշ կլսես, երբ վրա կհասնեն երկրային կյանքիդ վերջին պահերը.
- Դարերի կտկտոցը լսում են միայն երանելիներն ու սրբերը, իսկ դու դեռ շա՜տ հեռու ես այդպիսին լինելուց: Դեռ էլի՛ մի քանի կյանքեր պետք է ապրես.
- Հազարամյակների կտկտոցն էլ է հնարավոր լսել, իհարկե: Բայց դա անում են միայն Աստծուն շատ մոտ կանգնած էակները: Եվ գիտե՞ս, թե նրանք ինչ են պնդում. համոզված ասում են, որ հազարամյակների կտկտոցի և քո սրտի զարկերի միջև ոչ մի էական տարբերություն չկա:
Ինչպե՞ս թե… Ո՞վ է ասում…
Անսպասելիությունից զարմանքս չափազանց բարձր եմ արտահայտում: Բոլորը շրջվում են դեպի իմ կողմը: Ծերուկը կտրուկ ելնում է տեղից և սպառնագին դիմում ինձ.
– Тихо там, товарищ курсант! А то - выгоню из класса…
Արթնանում եմ և էլ չեմ կարողանում քնել:
Դրսում շարունակում է անձրև տեղալ:
Երևի մինչև լույս չի դադարի:
Ես նույնիսկ դա՛ հաստատ չգիտեմ, իսկ ռադիոգրերն արդեն հազարամյակներից են խոսում:
Կյանքը շարունակվում է…