Երազ 5 կամ մի դրվագ Ուսուցչի վաղեմի հիշողությունից
Կարծես թե մերոնց չի հաջողվել հրդեհի ճարակ դարձնել հույների և նրանց դաշնակիցների նավատորմիղները: Երևում է՝ հունական ուժերը հաջողությամբ ետ են մղել տրոյացիներին, ջլատել նրանց, և հիմա, առափնյա բլրի գագաթից հեղեղի պես սրընթաց գրոհելով, Տրոյայի հերոս պաշտպաններին քշում են իրենց անառիկ քաղաքի պղնձակուռ դարպասից ներս: Հեկտորը նահանջի հրաման է արձակել, և ինքն արդեն ատամնավոր պարսպի գագաթին է. հուսահատ դիտում է յուրայինների նահանջն ու դեռևս ընթացող թեժ մարտը: Պարիսն իր զորախմբով արդեն շատ մոտ է դարպասին: Քաջաբար կռվում են՝ կամաց-կամաց ետ քաշվելով:
Ագամեմնոնն իր հերթին կանգ է առել բլրի գագաթին և ցնծությամբ դիտում է իր դյուցազունների հաղթական գրոհը: Ահա, մեծ Այաքսն իր ամրակուռ տեգի անկասելի ուժով գետին է տապալում հերթական զոհին՝ ճեղքելով նրա զրահապատ կուրծքը: Փոքր Այա՛քսն էլ նրանից ետ չի մնում: Մենելայոսը կատաղի նախճիր է գործում շուրջը՝ բարձրաձայն հայհոյելով այս անարդար աշխարհն ու ավազակ տրոյացիներին: Չի՛ խնայում ոչ ոքի. նույնիսկ Արամազդի հասցեին է լուտանքներ թափում: Կատաղած է անասելի, ինչպես էգին կորցրած ցուլը…
Բայց ու՞ր է Ուլիսը. ինչ-որ չի երևում… Ահա, տեսնում եմ նրան. խաղաղ կանգնել է բլրի ստորոտի մի ժայռի մոտ՝ իր հսկա մարմնով փակելով ժայռի ծերպը: Այնտեղ ևս մեկը կա. հազիվ է երևում: Ողորմա՜ծ աստված… չէ՞ որ դա իմ սիրելի ուսուցիչն է՝ Պիսանդրոսը, որը նաև Ուլիսի սիրելի սանն է: Երկար տարիներ մարտարվեստ, բարոյագիտություն և փիլիսոփայություն է ուսանել Իթաքեի արքայանիստ պալատում, իսկ հիմա բախտը նրան կռվի է հանել Տրոյայի կողմից՝ հույների դեմ: Ակամա՝ նաև իր նախկին ուսուցչի դեմ:
Խորամա՜նկ է Ուլիսը. միաժամանակ և՛ հասցրել է զինաթափել իր սանին, և՛ պաշտպանում է նրան յուրայինների հարվածներից: Իրեն թվացել է, թե իր այդ քայլը աննկատ կմնա բոլորից մինչև մարտի ավարտը: Բայց բլրի իր բարձունքից դա արդեն նկատել է Ագամեմնոնը և հեգնանքով քմծիծաղ է տալիս: Հասկացել է, թե բանն ինչ է, և ձեռքի հրամայական շեշտով նշան է անում, որ Ուլիսը սպանի իր գերուն: Պարսպի վրայից այդ դրվագը նկատել է նաև Հեկտորը և խիստ մտահոգ է իր քաջ ու հավատարիմ զինակցի ճակատագրով:
Էլի մի փոքր հապաղելուց հետո Ուլիսը մի կողմ է քաշվում ժայռի ծերպից: Պիսանդրոսը հարգանքով ու սիրով լի հայացքը հառում է ուսուցչի դեմքին: Հետո հանկարծակի մի շարժումով արագ ետ է խլում նրա ձեռքից հացենու կոթով իր տեգը և սլանում դեպի ոչ պակաս սրընթաց արշավող Մելենայոսի կողմը:
- Կա՛նգ առ, խելագա՜ր, դեպի ստույգ մա՛հ ես գնում,- հուսահատ գոռում է նրա հետևից Ուլիսը:
Պիսանդրոսն ընդառաջ է վազում Մելենայոսին և իր տեգը վազքից ձեռք բերած ամբողջ թափով դեմ տալիս նրա կրծքին: Վրիպում է մի փոքր և անմիջապես կացնի ծանր հարված ստանում ճակատին՝ ուղիղ աչքերի մեջտեղը… Անկենդան փռվում է գետնին: Ուլիսը շտապում է նրա մոտ, կռանում վրան: Բանը բանից անցե՛լ է… Սպառնագին մի հայացք է նետում Ագամեմնոնի կողմը: Վերջինիս տիրական քմծիծաղն արդեն վեր է ածվել չարախինդ հռհռոցի: Իսկ Հեկտորի դեմքի ոչ մի մկանը չի շարժվում, թեև զգում եմ, որ ներքուստ խոր վիշտ է ապրում: Նույնպիսի վիշտ եմ ապրում նաև ես, գուցե ավելի խորը…
Իսկ ե՞ս ինչով եմ զբաղված այդ ընթացքում…
Մարտի գնալուց առաջ Պիսանդրոսն ինձ հանձարարել է մնալ քաղաքում և լուծել պարզ թվերի խնդիրը: Այդ մտքին հավանություն է տվել նաև Հեկտորը՝ այն պատճառաբանությամբ, որ, ո՞վ գիտե, գուցե դրանից է կախված Տրոյայի ճակատագիրը:
Պետք է սովորել համապիտանի մի բանաձևի օգնությամբ թվերի անվերջ շարքում որոշել պարզ թվերի տեղը, որքան էլ որ մեծ լինեն դրանք: Ես համոզվածություն եմ արտահայտել, որ այդ խնդիրը լուծում ունի, ուստի և՝ ինձ են հանձնարարել այն լուծել: Պարզ թվերը սրբերի ու մարգարեների խորհրդանիշերն են հանդիսանում: Մարդկանց բազմության մեջ պետք է կարողանալ անսխալ հայտնաբերել պատգամախոսներին, որպեսզի հնարավոր դառնա նրանց միջոցով իմանալ աստվածների կամքը, Արամազդի կամքը: Այլապես՝ Ֆորտունան լիովին անկանխատեսելի կդառնա և մշտապես տհաճ անակնկալներ կմատուցի մարդկանց:
Փորձում եմ կտրվել մարտը դիտելուց և կենտրոնանալ այդ կարևոր խնդրի վրա: Հինգերորդ աստիճանի հավասարում եմ ստացել: Ատլանտ Ասուրամայայի վաղեմի մի ձեռագրում գրված է, որ նման տիպի հավասարման բոլոր հինգ լուծումներն էլ պարզ թվեր պետք է լինեն: Մնում է գտնել լուծման կորսված եղանակը, այնուհետև, փոխելով գործակիցների արժեքները, ստանալ ցանկացած մեծության պարզ թիվ: Թեև հաջողվել է մի փոքր պարզեցնել հավասարման նախնական տեսքը, բայց դրանից այն կողմ գործն առաջ չի գնում: Ոչ մի կերպ չի հաջողվում կենտրոնանալ, ինչպես հարկն է: Ձևափոխությունների երկար մագաղաթի վրա ինչ որ տեղ երևի փոքրիկ սխալ եմ թույլ տվել և այդպես էլ չեմ կարողանում գտնել, թե հատկապես որ մասում: Հարկավոր է ամեն ինչ սկզբից սկսել: Բայց, հենց որ փորձում եմ կենտրոնանալ մագաղաթի սկզբնամասի վրա, մարտի գոռում-գոչյունները կրկին շեղում են ինձ: Արդեն սկսում եմ վհատվել…
Պարսպի ատամներից մեկի մոտ՝ Հեկտորի կանգնած տեղից բավականաչափ հեռու, մի ջահել գեղեցկուհի է հայտնվում և սկսում դիտել մարտը: Ճանաչում եմ նրան. Հեղինեի սպասուհին է, երևի եկել է, որ լուր տանի իր տիրոջ համար: Կարճ շրջազգեստի տակից երևում են ճերմակ, գեղեցիկ սրունքները: Միայն սա՛ էր գլխիս պակաս… Նկատում եմ, որ մարտը դիտելուց զատ, չքնաղ սպասուհին մերթ ընդ մերթ սիրալիր հայացքներ է նետում իմ կողմը: Չմոտենա՞մ արդյոք… Գիտեմ, որ դրանով կհարուցեմ Հեկտորի կատաղի զայրույթը: Նայում եմ արքայազնի կողմը և տեսնում, որ ամբողջովին կլանված է մարտով:
Ի վերջո, հաղթահարելով մտավախություններս՝ մոտենում եմ գեղեցկուհուն և թեթևակի հպվում նրան…
…
Արթնանում եմ ներքին հրահանգից, որ պետք չէ նման իրավիճակում բանը խայտառակ ավարտի հասցնել:
Դեռ երազի ազդեցության տակ եմ և մտածում եմ քնաթաթախ:
Տրոյան, այնուամենայնիվ, կկործանվի…
Եվ պատճառը միայն Պարիսն ու չքնաղ Հեղինե՛ն չեն, ո՜չ: Օլիմպոսի աստվածները նրանց վաղու՜ց են ներել, թույլ տալով, որ ազատ կենակցեն իրար հետ, երբ ուզենան:
Եթե կուզեք իսկությունն իմանալ, ապա հիմնական պատճառն այն եղավ, որ այդպես էլ այն ժամանակ անավարտ մնաց պարզ թվերի խնդրի լուծումը, և Ուլիսի փայտե ձին անարգել մուտք գործեց Տրոյա:
Հույնե՛րն էլ հետագայում չկարողացան այդ խնդրի լուծումը գտնել, և հելլենական քաղաքակրթությունն անվերադարձ անկում ապրեց:
Հայե՛րն էլ ժամանակին չեն կարողացել լուծել այն, շումերներն էլ, ղպտիներն էլ, հրեաներն էլ, հռոմեացիներն էլ, արաբներն էլ, ռուսներն էլ, ինգլիզներն էլ… ո՞ր մի տիրող ազգին հիշես:
Ցայսօր այդ խնդիրը դեռևս իր վերջնական լուծումը չի գտել:
Իսկ հինգերորդ աստիճանի հավասարման տեսքն ամբողջովին թռել է մտքիցս:
Ողորմա՜ծ Տեր, փրկի՜ր մարդկանց անկանխատեսելի աղետների այս շարքից…