Երազ 6 կամ երազակերտ գեղջկատիկնիկ
Կարմիր «Զապորոժեցով» սլանում եմ խաղողի այգուս ուղղությամբ:
Ոչ մի կերպ տեղը չեմ բերում, թե երբ հասցրի ետ գնել արդեն հարազատ դարձած այս մեքենան, որը վաճառել էի լևոնական դժվար տարիներին՝ փողը փոխվելուց մեկ ամիս առաջ: Վաճառքից եկած հին փողով գումարն այդպես էլ քոռ ու փուչ եղավ, պրծավ: Ինչ որ է, հիմա գոհ եմ, որ նորից վարում եմ նույն մեքենան: Կարծես թե երբևէ չեմ էլ ծախել:
Հասնում եմ խաղողի այգի: Խոնավության նշույլ անգամ չի երևում. ծարավե՜լ է այգիս:Վազերի տերևները խեղճացած են՝ չորանալու եզրին:
Տարօրինակ է… այգում ես երբևէ հոլիկ չեմ սարքել, բայց հիմա կա: Այս ո՞ր բարի քեռին է ինձ համար հոլիկ պատրաստել: Ինչ որ է, ներս եմ անցնում և վերցնում անկյունում դրված բահը:
Պետք է բարձրանամ մոտակա բլրի գագաթը և ջուրը թեքեմ այգուս կողմը: Այլևս հերթի սպասել չեմ կարող. այգին լրիվ ձեռից կգնա:
Ջուրը կապում եմ, որոշ ժամանակ նայում հարևան այգիների կողմը: Ոչ ոք չի երևում: Իջնում եմ իմ այգին, պառկում հոլիկում դրված փայտե թախտին և շուտով քնով անցնում:
…
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում: Ընդամենը մեկ օր ունեմ իմ տրամադրության տակ, որ այցելեմ եղբորս: Հետո պետք է ճանապարհս շարունակեմ դեպի հեռավոր գործուղման վայր: Այս անգամ մենակ եմ գնում գործուղման: Պատասխանատվությունը մեծ է, և անհանգիստ եմ դրա պատճառով:
Եղբորս անպայման պետք է տեսնեմ, որովհետև մայրս հետս ծանրոց է դրել նրա համար:
Կկարողանա՞մ գտնել նրան. ընդամենը մի անգամ եմ եղել մոտը, այն էլ՝ շատ կարճ ժամանակով և շատ վաղուց: Ավտոբուսի պատուհանից վերջապես ծանոթ շենքեր եմ տեսնում և իջնում կանգառում:
Շենքի մուտքն ու բնակարանի համարը չեմ մոռացել: Կոմունալ բնակարան է, իրենից բացի մի այրի էլ է ապրում իր երեք մանր երեխաներով:
Դուռը հենց նա է բացում, հարցական նայում դեմքիս:
- Вам кого?…
Չաղլիկ, տարեց կին է. երևում է, որ ամբողջովին թաղված է հոգսերի մեջ: Կյանքից դժգոհ է ու բարկացած տեսք ունի:
- Я к брату, Сурену,- ասում եմ և դռան շեմքին դնում ձեռքիս ծանրոցը:
- Ну, да… войдите, вот это его комната. Нет спасения от этих… խոսքը չավարտած՝ արագ հեռանում է դեպի գզվռտվող երեխաների կողմը, որոնց ձայներն արդեն ճչոցների են հասնում:
Ենթադրում եմ, որ վերջին բառերն ինձ չէին վերաբերվում, այլ սեփական երեխաներին:
Իրերով մուտք եմ գործում եղբորս սենյակը: Սեղանին գինու և գարեջրի դատարկ շշեր կան: Առավոտյան դուրս է եկել տնից և չի հասցրել մահճակալը կարգին հավաքել:
Որոշ ժամանակ պատուհանից մտահոգ դուրս նայելուց հետո համարձակվում եմ նորից անհանգստացնել բարկացկոտ հարևանուհուն: Դժգոհ տեսքով ասում է, որ Սուրենը սովորաբար տուն է գալիս ուշ երեկոյան:
- Кто знает? Может сегодня рано придет, не знаю. Ждите, если хотите…- ասում է այն տոնով, կարծես շնորհ է անում ինձ:
Մինչև թռիչքս դեռ շատ ժամանակ ունեմ: Որոշում եմ սպասել:
Պառկում եմ չհարթված մահճակալին և քնով անցնում:
…
Ուսանողական ընկերներիս հետ եմ:
Ծնունդ ենք նշում: Կես-լուրջ, կես-կատակ, երբեմն էլ անկապ-անկապ ու կարճ կենացներ ենք ասում ու խմում: Այնուհետև կուրսեցի աղջիկներին ու իրենց ընկերուհիներին, որ ներկա են հյուրի կարգավիճակով, փոխնեփոխ հրավիրում ենք պարելու, հաճոյախոսություններ անում նրանց:
Բոլորս բարի ենք ու սիրալիր:
Բայց ես ներքուստ անհանգիստ եմ: Չհանձնած քննություն ունեմ, իսկ վաղը լիկվիդացիոն շրջանի վերջին օրն է: Երևի նորից չկարողանամ հանձնել. ոչ գրքեր ունեմ, ոչ էլ դասախոսությունների տետրակ, որ պարապեմ: Ունենայի էլ՝ չէի հասցնի: Վա՜յ թե վերջին կուրսում դուրս մնամ համալսարանից և այդպես էլ դիպլոմ չստանամ: Ի՞նչ պատասխան պիտի տամ ծնողներիս…
…
Արթնանում եմ:
Եղբայրս ժպտադեմ ինձ է նայում: Վեր եմ թռչում տեղից, գրկախառնվում ենք:
- Լույս քեզ տեսնողի՛ն. ու՞ր ես կորել, չկաս: Մի քիչ էլ ուշանայիր, ինքնաթիռիս չէի հասնի:
- Չգիտեի, որ գալու ես, թե չէ՝ կգայի դիմավորելու:
Խոսում, զրուցում ենք դեսից-դենից: Սուրենը բացում է ծանրոցը, ուրախանում մորս ուղարկած լավաշով, պահածոներով, չիրերով:
Պատրաստվում եմ դուրս գալ: Եղբորս չեմ թողնում, որ գա ուղեկցի: Բայց բակում արդեն մութ է, և փոշմանում եմ: Երկար թափառում եմ կիսամութ փողոցներով, որ գտնեմ մետրոյի մուտքը: Այդպես էլ չեմ գտնում…
…
Արթնանում, նայում եմ հոլիկի անապակի պատուհանից դուրս: Վազերի բների մոտ լայն լճակներ են գոյացել: Ժամանակն է, որ բլրի գագաթից ջրի ուղղությունն արդեն փոխեմ: Ելնում եմ թախտից, բահը ձեռքս արած բարձրանում բլուրն ի վեր: Դիմացից բարկացած տեսքով մի ծերունի է իջնում, դժգոհ ու սպառնալից կտրում առաջս.
- Ինչու՞ ես ջուրս կտրել:
- Բա ի՞նչ անեի. հո չէի՞ թողնելու, որ այգիս չորանա:
- Քո հերթի՛ն ջրեիր. հիմա ի՛մ հերթն է:
- Մոսկվա էի գնացել՝ գործուղման: Երկու ամիս է՝ չեմ ջրել, իսկ հերթս, ով գիտե, երբ կհասնի:
- Դա ինձ չի՛ վերաբերում,- չի զիջում ծերունին,- ինչու՞ պիտի քոնի փոխարեն իմ այգին չորանա:
- Իսկ ավելի լավ չի՞լինի, որ ոչ իմը չորանա, ոչ քոնը…
Այդպես երկար վիճում ենք, մինչև արթնանում եմ:
…
Խաղողի այգիս վաղուց է ձեռից գնացել չջրվելու պատճառով: Վազերն էլ են արդեն քանդել-տարել: Այնտեղ հոլիկ երբևէ չի եղել, և երբեմնի բերքառատ այգիս հիմա ամբողջովին ամայի դաշտ է վերածվել:
Անձնական մեքենա հիմա չունեմ, որովհետև կարմիր «Զապորոժեցս» իրոք ծախել եմ դեռևս լևոնական դժվար տարիներին, երբ նույնիսկ հաց չէր ճարվում:
Եղբայրս Մոսկվայում մի կարճ ժամանակ մնալուց հետո վերադարձավ, ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, պահեց-մեծացրեց: Ցավոք՝ մի քանի տարի առաջ մահացավ ստամոքսի անբուժելի հիվանդությունից:
Ինչ վերաբերում է դիպլոմիս, ապա համալսարանը փայլուն եմ ավարտել և չեմ հիշում, որ երբևէ հասած լինեմ լիկվիդացիոն շրջան:
Ահա այսպիսի սուտլիկ երազներ:
Իսկը որ՝ Թումանյանի «Սուտլիկ որսկանը» տվին-անցան տնաշենները…
Մի բան է միայն ինձ սփոփում. հանգուցյալ մայրս կենդանության օրոք հաճախ ասում էր, որ երազում պարզ ջուր տեսնելը բարի նշան է: