Երազ 7 կամ երկու այց սարահարթի եկեղեցի
Կանաչազարդ, դիք սարալանջով բարձրանում եմ դեպի գագաթ:
Որքան վեր եմ բարձրանում, այնքան վերելքը դժվարանում է: Գագաթ տանող ոչ մի արահետ չի երևում. ամենուր թավ ու թաց կանաչ խոտ է, որի վրայից ոտքերս ինքնաբերաբար սահում են ցած:
Սարահարթի եզրին հասնելուն ընդամենը մի քանի մետր է մնացել, բայց չեմ կարողանում դրանք հաղթահարել: Ոտքերս սկսում են ծանրանալ:
Նորից ու նորից եմ փորձում:
Ի վերջո փորսող տալով, գերմարդկային ճիգերով կառչելով խոտերից ու մանր-մունր թփերից, հայտնվում եմ սարահարթի վրա:
Թեթևացած շունչ եմ քաշում: Ընդարձակ, կանաչ սարահարթ է՝ կենտրոնում տուֆակերտ եկեղեցի: Գեղեցի՜կ տեսարան է:
Մոտենում եմ եկեղեցուն, պտտվում չորս կողմը: Ծանոթ է թվում ու հարազատ:
Դռան փակին կողպեք չկա, պարզապես ծածկած է: Հրում եմ դուռը և ներս մտնում:
Եկեղեցու սրահն ընդարձակ է ու լուսավոր: Ներսից եկեղեցին ավելի մեծ է երևում, քան դրսից էր թվում:
Մոտենում եմ կենտրոնում գտնվող ջրավազանին: Պարզ է: Եկեղեցին բնական աղբյուրի վրա է կառուցված: Սրբազան ու բուժիչ ջուր է երևի: Ավազանի հատակին հատուկենտ մետաղադրամներ են երևում: Ուրեմն եկեղեցին այցելուներ է ունենում: Լավ է, երբ մարդիկ ունակ են զոհաբերությունների: Մեկն իր դրամն է զոհաբերում, մեկն իր ժամանակի մի մասը սիրով հատկացնում է աղոթելուն ու մոմ վառելուն, մյուսն ինքզինք ամբողջովին նվիրաբերում է Աստծուն:
Կռանում, մի բուռ ջուր եմ խմում աղբյուրից: Հրաշալի՜ ջուր է. մտածում եմ, որ ամեն եկեղեցի պետք է սրբազան աղբյուր ունենա իր ներսում, այլապես՝ եկեղեցի չէ: Կամ գուցե եկեղեցի է կոչվում, բայց չի ծառայում այն Աստծուն, որն առկա է ամեն մարդու ներսում: Չէ՞-որ ամեն մարդ Աստծո տաճար է:
Հայացքս հառում եմ դեպի վեր: Համեստ գմբեթ է՝ առանց զարդաքանդակների ու սրբապատկերների: Նույնը չես ասի գմբեթից ցած հավասարաչափ դասավորված տասներկու լուսամուտների և դրանք զարդարող բոլորանախշ քիվերի մասին: Լույսի և ստվերի խաղը զարդաքանդակներին յուրահատուկ խորություն է հաղորդում: Ծանոթ զարդանախշեր են՝ այնքան ծանոթ, որ թվում է, թե ինքս եմ ինչ-որ ժամանակ հորինել ու քանդակել:
Իսկ սա հենց այն եկեղեցին չէ՞, որ…
Աջ կողմի փոքրիկ աղոթախցի հատակի մոտ պետք է որ գաղտնարան լինի: Ներս եմ անցնում, քարերից մեկի աջակողմյան եզրը մատներով հրում դեպի պատը: Եթե հետևում խոռոչ կա, քարը պետք է տեղաշարժվի: Այդպես էլ կա… ձախակողմյան եզրը դուրս է ցցվում: Հանում եմ քարը և տնտղում վաղեմի գործիքներս: Մուրճի փայտե պոչը համարյա լրիվ մոխրացել է: Ձեռքով մաքրում եմ ինչպես մուրճի, այնպես էլ երեք մեծ ու փոքր սեպիկների վրա նստած մետաղական ժանգը:
Մուրճն ու սեպիկները գրկած՝ իջնում եմ սարալանջի հյուսիսային կողմում գտնվող ձորը: Ձորի հարավային լանջին հսկա հացենիներ են աճել: Դրանցից մեկի վրա հարմար ճյուղ եմ գտնում, սեպիկների օգնությամբ նոր կոթ սարքում մուրճի համար: Ապա հետ եմ գալիս եկեղեցի, գործիքները դնում գաղտնարանում և քարով նորից ծածկում:
Թող մնա՛ն:
Ո՞վ գիտե, գուցե դարեր անց նորից պետք գան…
…
Հայտնվում եմ եկեղեցու բակում:
Բակի կենտրոնում մեծ, փարթամ հացենի է աճել, որի ստվերում անշարժ նստած են երեք սևազգեստ վանականներ: Ինձ տեսնելուն պես իրար են անցնում և ահաբեկված ցրվում ամեն մեկը մի կողմ:
Կանչում, ներշնչում ու համոզում եմ, որ չվախենան, ապա հարցնում եմ այդպես ահաբեկվելու պատճառը:
Վանականները կամաց-կամաց ուշքի են գալիս և վերջապես տիրապետում իրենց:
- Քեզնի՛ց չէ, որ վախենում ենք,- արդարանալով ասում է ճերմակախառն մորուքով ամենատարեց վանականը,- ծառի տակ նստած՝ ահով սպասում էինք այն թռչնին, որն, ուր որ է, նորից է գալու:
Իրոք, հորիզոնում մի սև կետ է երևում, որը մոտենում է ու խոշորանում: Արդեն երևում է, որ հսկա, սև չղջիկ է: Մի կարճ ակնթարթ ինքս էլ եմ ահ զգում և անմիջապես ինձնից վանում այն: Չէ՞-որ աշխարհում ոչինչ չի կարող ինձ դույզն-ինչ վնաս պատճառել:
Թռչունն արդեն մեր գլխավերևում է: Անվրդով դիտում եմ նրա վարքը: Կարմիր, խոշոր աչքերը սպառնալից են ու հրաբորբոք: Մերթ ընդ մերթ չարագույժ կռինչ է արձակում, որը նման չէ որևէ հայտնի թռչնի ձայնին:
Վանականներն, իմ պահվածքից հավանաբար քաջալերվելով, մնում են անհողդողդ:
Թռչունը սկսում է կերպափոխվել և մեկը մյուսից ահարկու տեսքեր ընդունել: Հետո դանդաղ սկսում է իջնել ցած: Իջնելուն զուգընթաց՝ մարմնի չափերը փոքրանում են: Ի վերջո, երբ արդեն նստում է գետնին, նմանվում է խղճուկ բվի ձագի: Թևերն անզոր թափահարում է, կարծես խնդրում է խնայել իրեն:
Շրջվում եմ և հանդարտ քայլերս ուղղում դեպի եկեղեցի: Վանականները փութկոտ գալիս և կանգնում են իմ առջև: Նկատելիորեն հուզված են, աչքներին արցունք է շողում: Չգիտեմ՝ երջանկությունի՞ց է դա, թե՞ երախտագիտությունից:
- Ո՞վ ես, տե՛ր…- հարցնում է նրանցից ավագը հուզմունքից դողացող ձայնով:
- Մի՛ ասեք ինձ «տեր» և մի՛ եկեք իմ հետևից,- ասում եմ բարյացակամ ժպիտով,- ես ընդամենը նա եմ, ով ժամանակին իր ձեռքերով կառուցել է այս եկեղեցին: Հուսով եմ, որ այսուհետ որևէ սև թռչնի չեք թողնի մուտք գործել այստեղ, որքան էլ այն ահարկու և հզոր երևա…
Վանականները երկյուղածությամբ ու հարգանքով խաչակնքում են և մնում տեղներում կանգնած: Զգում եմ, որ հայացքներն ինձնից չեն կարողանում կտրել: Երևի չափից դուրս արտառոց ու հնաոճ տեսք ունեմ:
Մտնում եմ աղոթախցիկ, բացում գաղտնարանը: Մուրճի կոթը նորից է մոխրացել: Գործիքների երկաթյա մասերն էլի ժանգակալել են: Հավաքում եմ դրանք և իջնում ձոր:
Հացենիների քանակը շատացել է: Բոլորն էլ փարթամ, առողջ ծառեր են:
Մուրճին նոր կոթ եմ հարմարեցնում և վերադառնում աղոթախցիկ:
Այս անգամ հետս անուշահոտ յուղի մի փոքրիկ սրվակ էլ եմ բերել: Յուղով օծում եմ մուրճն ու սեպիկները, որ այլևս չենթարկվեն ժամանակի քայքայիչ ազդեցությանը:
Գործիքները դնում եմ գաղտնարանում և խնամքով ծածկում քարով:
Թող մնա՛ն:
Դարեր անց նորից պետք կգան: