Գիր.ամ
Գրողներ, ասողիկներ, գիր, գրականություն, բառ ու բան…

Խաչիկ-Ապեր

«Դարձ ի շրջանս յուր»

Ողբասա՞ցդ դառնամ, ո՜վ հինավուրց ազգ իմ,

Վերջին Ողբասացից հազար հինգ հարյուրն անց.

Չէ՞ որ կապանք դրվեց զավակներիդ բազկին,

Եվ, ավա՜ղ, անցյալիդ կարոտով ենք լցված:

Վեհ անցյալի հուշը գրգիռ է սրբազան,

Իսկ կորուստներ հիշելն, այո՛, կարոտախտ է.

Ո՞վ կարող է կռել հուսալի ջրբաժան,

Որ էլ կորուստ չտա մեր ապագա բախտը:

Գահակալից արդեն մնաց լոկ նախագահ,

Խորհուրդ խորինդ սուրբ՝ դարձավ խորհրդարան,

Նախարարից հիմա սոսկ «տանիքն» է առկա,

Սեպուհներդ ցայսօր գռփում են անվարան:

Մշակույթիդ մշակն անմշակ է ի՛նքը,

Սպասավորդ Աստծո՝ սպասք է սոսկ լիզում,

Ցամաքու՜մ է ահա բերրի հողիդ ստինքը,

Եվ անցողիկ գանձ են զավակներդ դիզում:

Ողբասա՞ցդ դառնամ, ազգ իմ բազմադարյան…

Օ, ո՜չ, դարձի կգամ իմ հրեղեն մարմնին,

Կկերտեմ նոր երկիր՝ հրաբորբ ու վառման,

Կհրկիզե՛մ ժայռն այս, որ Մհերը հառնի…

Միհր – Միթրա – Սուրիա

Ալեծավալ սուրբ անհունից անանուն

Ճառագվում է Սիրո հուր.

Միհր – Միթրա – Սուրիա…

Արարչական Լույս է բացվել անհունում՝

Հրաբոսոր Լույսի դուռ.

Միհր – Միթրա – Սուրիա…

Միածին Հուր, Միածին Թուր, Հրե Սուր՝

Միհր – Միթրա – Սուրիա:

Փողփողում է յոթնապսակ գույներով

Հուր-մարմինը Նորածնի.

Միհր – Միթրա – Սուրիա…

Շուրջառվում են գալարաթև բույլերով

Լույս-էակներ վեհազնիվ.

Միհր – Միթրա – Սուրիա…

Միածին Հուր, Միածին Թուր, Հրե Սուր՝

Միհր – Միթրա – Սուրիա:

Ձեր կարծիքը`