Գերզգայական աղոթք
Իմ մարմինը հայոց լեռնաշխարհն է կարծես,
Գագաթներով ձյունե՝ ակտիվ կետեր որպես,
Չակրաներս՝ խամրող սարյանական գույներ,
Մեղսոտ հոգիս ամպոտ երկնքի հետ նույնն է:
– Երկնավո՜ր Հայր, այսպես մի՛ թող սևով լցվել.
Չէ՞ որ ընդերքս հուր դրանից է ցնցվել:
Չէ՞ որ էլ չես ների ընդվզմանս համար,
Երբ տարերքը խլի մանկիկնե~ր անհամար:
Չէ՞ որ մի դար առաջ խելակորու՜յս դարձա,
Երբ մեռելով լցրին դաշտերը իմ արձակ:
«…Ամեն տուն՝ վառման հնոց,
Ամեն քար՝ լուռ մահարձան…»
– Երկնավո՜ր Հայր, այդքան մի՛ թող սևով օծվել.
Չէ՞ որ դրանից շա՜տ, արդեն շա՜տ եմ խոցվել…