Ծիծաղի տուն
Այցելել ենք ծիծաղի տուն:
Ուղեղնե՛րն են հայելիներ,
որ աչքերից ներս թափանցած
լույսն են բեկում ու աղճատում:
Բայց դարձել է աշխարհն այնքան
առօրեական, անոգեցունց
որ խաբկանքից ծուռ ու անել
չենք էլ ուզում ժպտալ անգամ:
Նորածի՛նն է լոկ ճիշտ դիտում`
այցելելով ծիծաղի տուն,
երբ աշխարհիկ քողն է հատում,
լույսի շեմը և իր պորտը:
Նայում է մեզ, անկեղծ ժպտում,
ուրախ խինդով մեզ վարակում,
քանի նրան դեռ չի խաբում
նորին խաբկանք կյանքի փորձը:
Երբ չի լրվել եռամյակը,
և թրջում է դեռ իր տակը,
ուրախ, անհոգ ու անդադրում
շուռ է տալիս, նկար պատռում,
ընկնում, տալիս գլուխկոնծի,
որ շուրջը ճիշտ տեսնել փորձի,
ոտի կանգնի, վազի, գործի,
նոր վստահի կենսափորձին:
Կողքից նայում ենք, հիանում
ու երբևէ չենք հասկանում,
որ նա այդպես առույգ բանում,
չափն անցնելով վերք ստանում`
մեզ է նաև ուսուցանում,
խաղացնում, ակնարկ անում,
որ մեզ մեր կույր քնից հանի
և իրական աշխարհ տանի:
Բայց երբ քայլում է ու խոսում,
կշտամբանք է արդեն լսում,
և օր օրի` հաճախակի,
բախվում է նա նույն պատրանքին,
բութ հայացքին ու անընկալ բերդապատին`
ենթարկվելով մեր բնական-անբնական,
թանձրացական-համայնական,
երկդիմի, կեղծ շրջապատին: