Գիր.ամ
Գրողներ, ասողիկներ, գիր, գրականություն, բառ ու բան…

Խաչիկ-Ապեր

Նորօրյա երգ

Նորանում է տիեզերքը,

Նորովի է հնչում երգը

Եվ մեղեդին ոլորտների,

Իսկ բանական էակ մարդը`

Մոլորակի տերն ու զարդը,

Նու′յնն է մնում, նու′յնն է էլի:

Չե′մ չարանում ձեր դեմ, մարդի′կ,

Ես ինքս էլ եմ ադամորդի`

Մե′կը ձեզնից. ինչու՞ ժխտեմ.

Բայց հնամյա ողբն ու տաղը,

Չարի-բարու անվերջ խաղը

Էլ չե′մ ուզում ես հանդուրժել:

Իմ ուժերի ներածին չափ`

Թե հանգավոր, թե համաչափ,

Կմատուցեմ այն, ինչ թարմ է:

Գուցե թվա ձեզ անսովոր,

Գուցե նաև` վտանգավոր.

Չե′մ ստիպում ձեզ հարմարվել:

Բայց թող կարդա, ով ուզում է,

Ում, արդարև, դեռ հուզում է

Ապագան այս մոլորակի,

Զի ինչ հիմա ես ասում եմ,

Մերժում եմ խիստ, համոզում եմ,

Պահանջն է նոր ժամանակի:

Կոնկրետ մեկի′ն չեմ նախատում

Եվ ոչ մեկին ես չե′մ ատում,

Թեկուզ լինի իմ թշնամին:

Բայց և հարկ է մեկ-մեկ կարգին

Կոպտել մեր մեջ նստած չարքին`

Տուրք տալով ճոխ բառ ու բանին:

Շեշտե′լ է պետք այնուհանդերձ`

Մեր սի′րտն է մեր դատավորը.

Բարի թե չար, փոքր թե մեծ`

Աստծո մեջ ենք մենք բոլորս:

Ու′ժ տուր սրտիս, ո~վ Գաղտնատես,

Որ լինեմ դաշն Քո սուրբ Կամքին,

Եվ նվաստիս խոսքերն հրկեզ

Արժանանան Քո օրհնանքին:

Ձեր կարծիքը`