Վաղորդյան զավզակներ
Հեռատեսիլ միացրի առավոտ վաղ`
Հույս ունեի, որ բարի լույս կասեն մի պահ:
Եվ լսեցի բարի լույսի մաղթանքի տեղ`
Երկու ջահել հայի զրույց սեռախաթար.
– Ի՞նչ ե՞ս ուտում առավոտյան սովորաբար:
– Ը~ը~, հայերեն էն ո՞նց էր, է~… հա՛, ձվածեղ:
Ճմլվում է սիրտը մարդու… Ի~նչ ես դարձել,
Հզոր նախնյաց արիասի՛րտ արևորդի.
Դեգերել ես, բազում օտար ճամփա անցել
Եվ վերածվել թեթևսոլիկ, իգաբարո թուլամորթի:
Աղոթք
Օ~, Արուսյա՛կ, հուրհե՛ր Արուս,
Ճեղքի՛ր խավարն անթափանց,
Քո ցոլանքով արևահյուս
Ազդարարի՛ր Լուսաբաց:
Զարթնի՛ր, Հելիո՛ս, ճառագիր Լույս
Եվ վաղորդյան գույներ պերճ,
Ներարկիր Սեր, առաքիր Հույս,
Կորով և ուժ ազգիս խեղճ:
Ծագի՛ր, Արե՛գ, բարի՛ Արև,
Փռի՛ր շողեր հրաբորբ,
Փորձիր ներել, դարձի բերել
Հավատամոռ ազգիս որբ: