Գիր.ամ
Գրողներ, ասողիկներ, գիր, գրականություն, բառ ու բան…

Խաչիկ-Ապեր

Երազ 2 կամ սուրացող գնացքներ

Կանգնած եմ կառամատույցին:

Սպասում եմ այն գնացքին, որն ինձ կհասցնի հեռավոր, երանելի մի վայր:

Ահա, վերջապես եկավ…

Սուրում է կողքովս, կարծես կանգ առնելու ոչ մի մտադրություն չունի…

Սուրում է, ինչպես ժամանակը. սահուն, հավասարաչափ: Գլխի եմ ընկնում, որ սա, ըստ էության, հենց ժամանակի գնացք է, որ կա. բայց և զգում եմ, հաստատ գիտեմ, որ հենց այն գնացքն է, որին սպասում էի:

Ահա եկե՛լ է. բայց ինչպե՞ս նստեմ, եթե կանգ չի առնում:

Նկատում եմ, որ կառամատույցին էլի՛ մարդիկ կան: Ահա մեկը հենց ընթացքից նետվում է գնացքի մեջ: Հետո՝ մյուսը: Հետո՝ երրորդը: Իսկը ոնց որ ֆանտաստիկ կինոնկար…

Կողքիս հարազատ մարդկանց շունչ եմ զգում: Հա՜, եկել են ինձ ուղեկցելու և ճանապարհ դնելու. քաջալերում ու համոզում են, որ ե՛ս էլ մյուսների պես ցատկեմ, քանի որ գնացքը կարող է այդպես էլ կանգ չառնել: Իսկ ես անպայման պետք է նստեմ, որովհետև հաջորդը շա՜տ ուշ կլինի, գուցե շատ տարիներ անց: Եվ գուցե դա՛ էլ կանգ չառնի, ինչպես այս մեկը՝ արդեն եկածը…

Ուրիշ ելք չկա՛:

Պետք է փորձե՛լ:

Մյուսների պես կողքանց նետվում եմ սուրացող գնացքի դռներից մեկի կողմը: Ավա՜ղ, պահը ճիշտ չէր ընտրված… ետ եմ մղվում գնացքի կանաչ պատից: Փառք աստծո, բոլորովին չեմ վնասվել: Փորձում եմ երկրորդ անգամ. էլի՛ անհաջող… երրորդ անգամ՝ նու՛յնպես…

Չնայած անհաջող փորձերիս, այնուամենայնիվ հավատու՛մ եմ, ներքուստ համոզվա՛ծ եմ, որ ի վերջո հայտնվելու եմ գնացքի ներսում: Չէ՞ որ այլ կերպ չի կարող լինել: Բոլորին, այսպես թե այնպես, վաղ թե ուշ հաջողվում է կառամատույցից անցնել գնացքի մեջ: Ինչու՞ հատկապես ինձ այդ բանը չպետք է հաջողվի…

Կյանքումս շա՜տ գնացքներ եմ նստել, բայց դրանք միշտ էլ կայարանների մոտ սուսիկ-փուսիկ կանգնած են եղել, երբ նստել եմ: Ինչու՞ այս մեկը կանգ չի առնում…

Գուցե սա կիսակայարա՞ն է. կամ ընդհանրապես կայարան չէ՞… Հապա ինչի՞ համար է նախատեսված այս կառամատույցը…

Բարեբախտաբար գնացքը սկսում է դանդաղել:

Ինչու՞…

Հա՜, երևի մեքենավարը հեռվից նկատել է իմ անհաջող փորձերը:

Ինչ-որ զգայարանով նաև հասկանում եմ, որ գնացքը կանգ կառնի ընդամենը մեկ վայրկյանով՝ ո’չ ավել, և ես պետք է հասցնեմ այդ ընթացքում հայտնվել գնացքի ներսում:

Ահա և իմ առջև ամենավերջին վագոնն է՝ յուղոտ, անհյուրընկալ… Վագոնի ներսի կողմից ինձ վրա զգում եմ ինչ-որ մեկի հեգնանքով լի հայացքը՝ դեղնականաչ, ֆոսֆորափայլ աչքերով: Մի՞թե Մեֆիստոֆելն է…

Այնուամենայնիվ գնացք եմ բարձրանում: Ի՞նչ արած, երևի սրա՛ն եմ արժանի…

Ներսում էլի՛ ուրիշ բաներ եմ տեսնում, բայց…

Հաստատ ամեն ոք որոշ բաներ իր համար գաղտնի պահելու իրավունք ունի, ուստի թույլ տվեք այլևս ոչինչ չպատմել:

Ինքներդ ձեր ուզածը կտեսնեք, երբ պահը կգա, և դուք կորոշեք սպասել ձեր գնացքին՝ այն գնացքին, որը ձեզ կարող է ի վերջո հասցնել հեռավոր, երանելի մի վայր:

Վաղ թե ուշ անպայման կսպասեք:

Ուրիշ ելք չկա:

Միայն թե մտածեք, թե ինչպե՞ս եք հայտնվելու սուրացող գնացքի ներսում, որ Մեֆիստոֆելին հանդիպելու կարիք չզգացվի:

Ասում են, թե դա լավ նշան չէ…

Ձեր կարծիքը`