Երազ 3 կամ հետապնդում
Մթնշաղ է շուրջս:
Դիմացս անտառածածկ, կանաչ սարեր են երևում. գեղեցիկ են, իրենց գիրկը կանչող:
Որոշում եմ սլանալ դեպի գագաթները:
Փոքր-ինչ թափ եմ առնում և կտրվում գետնից:
Բոլորովին չեմ զարմանում, այլ ուրախ եմ, որ այսպես հեշտ կարող եմ թռչել, սավառնել:
Շատ հաճելի բան է՝ ի ծնե մարդուն տրված:
Ահա հասնում եմ գագաթներից մեկին, իջնում այնտեղ:
Հեռվում լայնարձակ դաշտեր են երևում, տեղ-տեղ գյուղեր կան փռված:
Որոշում եմ օդով մի փոքր զբոսնել:
Մոտենում եմ գյուղերից մեկին և իջնում գյուղամիջում:
Այստեղ տարեց մարդիկ կան նստած, խաղաղ զրույց են անում իրար հետ:
Ակնհայտորեն իմ հայտնվելը նրանց դուր չի գալիս, սպառնալից նայում են դեպի իմ կողմը: Հավանաբար ինչ-որ բան այնպես չեմ արել. հավանաբար երկնքից գյուղամեջ իջնելը անթույլատրելի արարք ու մեղք է համարվում, իսկ ես՝ դա չգիտեի:
Տարեց մարդկանցից մեկը ելնում է տեղից և քայլում դեպի ինձ:
Աչքերից լավ բան չեմ գուշակում:
Նորից թափ եմ առնում և թռչում դեպի վեր՝ փորձելով հեռանալ:
Մարդը վազում է իմ հետևից. հաստատ որոշել է բռնել ինձ:
Թռչում եմ դեպի բլուրների կողմը:
Մարդը հետ չի մնում ինձնից. հեշտորեմ վազում է բլուրներն ի վեր, անցնում ձորակները: Մեր հեռավորությունը ո՛չ ավելանում է, ո՛չ էլ պակասում:
Ա՜յ քեզ բան… այդ ի՞նչ զորություն կա այդ մարդու մեջ, որ բոլորովին չի հոգնում: Լավ է, որ գոնե թռչել չի կարողանում կամ գլխի չի ընկնում, որ կարող է և թռչել: Ի՞նչ մի դժվար բան կա դրանում:
Մի տեղ պետք է ցած իջնե՞մ, թե չէ: Իսկ մարդը՝ կպած գալիս է: Ինչպե՞ս ազատվեմ այս հետապնդումից:
Գուցե ցած իջնեմ ու բարիշե՞նք: Բայց չէ՛… մարդը, քանի գնում, այնքան զայրագնած է երևում ու անզիջում: Հաստատ որոշել է վերջս տալ…
Որոշում եմ խորամանկ քայլ անել: Սավառնում եմ դեպի Արարատի կողմը: Գուցե մարդը դեմ առնի սահմանին ու կանգնի՞: Դա՛ է իմ վերջին հույսը…
Եվ իրոք, հենց այդպես էլ լինում է: Մարդը վերջապես կանգ է առնում փշալարերի մոտ և սպառնագին բռունցք թափահարում իմ կողմը՝ ևս մի անթույլատրելի խախտում անելուս համար:
Հասնում եմ Արարատի գագաթին և թեթև վայրէջք կատարում այնտեղ:
Վերջապես պրծա՛ տհաճ հետապնդումից:
Տե՜ր աստված, ի՜նչ հրաշալի տեսարան է բացվել իմ առաջ…
Որքա՜ն խաղաղություն կա, որքա՜ն անդորր…
Իսկ գյուղերը հեռվում հանգիստ քուն են մտել: