Գիր.ամ
Գրողներ, ասողիկներ, գիր, գրականություն, բառ ու բան…

Արմեն Դավթյան

ՄՈՄԻԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈԵՄ, ՈՐ ԳՐՎԵՑ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԷՐ ՀՈՒՅՍԸ, ԱՅԼԱՊԵՍ ՉԷՐ ԳՐՎԻ

Ինչպես մարմինն է մեռած առանց հոգու,
այդպես հավատն է մեռած առանց գործերի…
Հակոբոս, Բ 26

ԾՆՈՒՆԴ

Գարնանային հողը
ծաղիկների լեզվով Սերն է փառաբանում.
այս քարքարոտ հողի խորքերից
բխեց Որդին ծաղիկների նման, ավետի~ս,
ծնվեց Որդին,
և երկնքից օրհնության անձրևներ էին տեղում, ավետի~ս,
ավետի~ս Արևելքի որդիներին,
գազաններին ու մարդկանց,
լեռներին ու այգիներին,
խոտերին ու աստղերին,
ավետի~ս դեռևս չիմաստավորված պատկերներին,
խունացած գույներին։
Ահա գալիս է նա՝
Աշխարհահիացումը,
հոգնած գույների մեջ ճառագայթ ներարկելու, ավետի~ս։
Աչքերի մեջ՝ Լույսի հիմներգություն,
զարկերակում՝ բնապաշտ բաբախներ,
ահա գալիս է նա՝ ազնիվ շառավիղը Արորդիների. ավետի~ս։
Աշխարհի աշնանացման նվագների միջով
ահա գալիս է նա՝ արևավոր՝
իր արնաքամ ցեղը ապրեցնելու. ավետի~ս։

ԽՈՍՔ ԱՍՎԱԾ ՄՈՄԻԿԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՄՓԱ ԵԼՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Գեղեցիկը չկա,
նա հեռավոր մի օր
իր մարմնով, արյունով
նշխար առ նշխար մատուցվել է
իր շուրջը մակաղած պատկերներին,
և պատկերների գույները մաքուր են,
ինչպես բոլոր մարդիկ պատարագից հետո։
Ինչպես բոլոր մարդիկ պատարագից հետո,
ահա բարձրանում եմ ես մարմին-կավի միջից՝
Անհունի հանդեպ ունեցած իմ անհուն վախվորածությամբ
և անմահության երկինքների դռները ջարդելու թաքուն որոշումով։
Ահա բարձրանում եմ ես վեճերից,
որոնցում ոչ միայն չեն պարզվում,
այլև խճճվում են ճշմարտությունները։
(Աղմկում են նրանք,
ում հավաքի զգեստները պատառոտվել են կասկածի ցեցերից
և չեն կարկատանվում տերտերի թաշկինակով)։
Ինչպես վառելիքը շարժիչի մեջ՝ մկաններիս մեջ է իմ անցյալը.
ահա բարձրանում եմ ես
ծանր մկաններով ու ջղային
Յես չեմ բարձրանում նյարդերից, քանզի
Հայրենիքը նաև նյարդերի մեջ է)։
Ինչպես բոլոր մարդիկ պատարագից հետո,
ես վերապրում եմ իմ մեծագույն ողբերգությունը,-
ես ծառ էի աստվածային,
ինձանից տախտակներ տաշեցին։
Ես վերապրում եմ իմ ոչծառությունը,
և ամոթալի են թվում
քարեր սրբացնելու հավակնություններս։

ԽՈՍՔ ԱՍՎԱԾ ՄՈՄԻԿԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐԱՎԱՆՔԸ ԿԱՌՈՒՑԵԼԻՍ

Խենթին հագցվող զսպաշապիկի պես
մայրս ինձ մի օր մարմաին հագցրեց,
և ապրում եմ ես, վայելում եմ ես
տոնացույցի մեջ երբեք չնշվելիք,
մայրամուտների հավիտենական այս ջրվեժի տակ երբեք չհիշվելիք
իմ օրերը։
Ես՝ կորուստների ջրհեղեղի դեմ՝
ակամա Նոյ,
որ բարձում է հույսի իր նավակը
վերուստ տրվածի վերջին փշրանքներով,
ես՝ վերքերի մատյան
սպիների ոսկեդրվագ կազմերի մեջ,
ես՝ պարտվող ցեղի գործազուրկ զինագործ,
փորձում եմ կառուցել իմ նոր վանքը,
ես՝ բողոքի խցանվող եղջերափող,
փորձում եմ կառուցել իմ նոր վանքը,
ես՝ խուլ-համրերի այս կրկեսի մեջ՝
հավատի սասանվող սյուների տակ
աղաղակների մնջախաղաց,
փորձում եմ կառուցել իմ նոր վանքը,
ես՝ երգեհոն՝ աղմուկներով չխզացվող հիմներգության,
պիտի կառուցեմ Նորավանքը։

ԽՈՍՔ ԱՍՎԱԾ ԱՐՄԵՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐԱՎԱՆՔԸ ՏԵՍՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Տափաստաններից իջնող վայրենիները
համերաշխ էին,
նրանց անծանոթ էր Կաթը Եղբայրացման,
բայց ուժեղ էր հոտային բնազդը,
և նրանք համերաշխ էին… ավերման մեջ։
Ժամանակի իմաստն է Տաճարը։
Իմաստազուրկ ամեն ինչ փոխվում է ավերակի։
Ուրեմն՝ վայրենիները
տաճարների հետ միասին ժամանակներ են խորտակել։
Ժամանակների և նրանց ավերակների միջով
եկել է իմ արյունը,
որ աչքերս լցնի սեփական ճշմարտությամբ,
և ունկերս հիշեն՝
եղել է լաց և ատամների կռճտացում։
Ողբի առուները ցամաքում են իմ մեջ՝
սնելով փառաբանության մարգագետիններ,
և այսօր
ծառայամիտ մշուշներից մաքրված մարգագետինները
դեպի շրթունքներս են գալիս,
այսօր մեծարում եմ Քեզ,
անբաժանելի Լույս,
Միասնական Սուրբ Երրորդություն՝
Ձեղ, Հանճար և Հավատ։
Դու ծառ էիր աստվածային,
Քեզանից տախտակներ տաշեցին։
Տաշեցին ու տարան,
տաշեցին ու տարան,
տաշեցին ու տարան,
իսկ Դու ծառավարի Աստծո հետ խոսեցիր։
Ես մեծարում եմ քեզ,-
Դու ապրեցիր,
որովհետև Գեղեցիկի կաթով է կենդանի
մարդկային տարածությունը,
որովհետև ամեն ինչի ժամանակը կա.
ծնվելու ժամանակ և կռվելու ժամանակ,
մեռնելու ժամանակ և հառնելու ժամանակ,
գերության ժամանակ և ազատագրվելու ժամանակ,
և ժամանակավրեպ հրաշքներ չեն լինում։

Բայց կա վերագտնումի ժամանակը,
երբ դու պիտի մտնես քո երազի մեջ,
ինչպես մարդ իր տունն է մտնում,
և այնժամ
արհեստականորեն փակված ակունքներից
հանճարեղ գույներ պիտի շատրվանեն,
և տիեզերքը պիտի ոռոգվի
մարդասիրության անսուտ ուղխերով։

ՏԵՍԻԼՔ, ՈՐ ՄԻ ՕՐ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՔ ՆԱԵՎ ԴՈՒՔ

…և լեռների վրա՝
ոտքերը հողի մեջ
խոշորաչվի պայծառ մանուկները,
ձիթենու ճյուղեր ծածանելով
փառաբանում են
ՉԳԱՂՈՒԹԱՑՎՈՂ ՄԵՐ ԱՐՅՈՒՆԸ։

Կարծիքներ

  1. Շնորհակալությու՛ն ավետիսի և գեղեցիկ հյուսվածքի համար:
    Անկասելի հայեցի թախիծ կա տողերիդ մեջ, և դա էլ է գեղեցիկ:
    Գեղեցիկ է և հաճելի, ինչպես հայկական քաղցր ծիրան ուտելուց հետո բերանում զգացվող թթու համը…
    Իմաստնացած հինավուրց ազգ ենք, իսկ իմաստությունն առանց թախիծի չի լինում, ասում են:

  2. Նարե

    Շատ կուզեի որ նորից սկսեիք բանաստեղծություններ գրել


Ձեր կարծիքը`