Գիր.ամ
Գրողներ, ասողիկներ, գիր, գրականություն, բառ ու բան…

Խաչիկ-Ապեր

Զինակոչիկը

Երբ զորամասում նորակոչիկ էր,

անվարժ ձեռքերով,

քրտնած ու զոռով

կարեց, կցմցեց ենթաօձիքը,

հագավ երթային կոպիտ կոշիկը,

շտկեց վարտիքն ու անդրավարտիքը,

և նոր հասկացավ պարզ, շոշափելի,

թե«ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»-ը:

 

Այո՛, բարձր է շատ նրա երկինքը,

բայց դա հասկացավ անձամբ` հենց ինքը,

իր մաշկի վրա և կոշտուկների:

 

Նոր ընկերների

ձեռ-առնոցիով, թունդ կատակներով,

քաշքշուկով ու ծեծկռկուքներով,

երթավազքով ու մարտակարգերով

ջոկեց, հասկացավ,

թե ով կարող է լինել դավաճան,

ով` վախկոտ, դաժան

և թե ով` հերոս:

Ծառայեց, աճեց, առնականացավ,

արձակաթղթով տուն գնաց, դարձավ,

նոր եկածների հետ ծանոթացավ,

զայրացավ նրանց անճարակությամբ,

թերի-անթերի ծառայեց-պրծավ

ու նոր հասկացավ`

ինչու է անպարտ բանակը հայոց:

Անմոռաց, քաղցր հուշերը սրտում`

հանդիպեց, գտավ իր կողակցուհուն,

ունեցավ քավոր ու հովանավոր,

եղավ տնատեր, ընտանիքավոր,

բանեց ու դատեց քաղաքում, հանդում

ծնեց ու սնեց երեք նոր զինվոր

և, բանակից նոր վերադարձած տուն,

երեք զինվորի երեք հարսնացու:

Ձեր կարծիքը`