…Ծնող լինելը ամեն մեկի բանը չէ, բայց մարդկանց մեծ մասը այնուհանդերձ դառնում է: Սովորականի պես, ես լի էի ջանք չպահանջող քնքշությամբ, քանի որ կողքիս չկար ոչ մի զավակ, որին պետք է հոգ տանեի: Բացի այդ, շուտով լրանալու էր Աբիի քսանչորս տարին: Ես ուզում էի նրա կողքին լինել: Միշտ: Երբ նա փոքր էր, երբ մեծանում էր, երբ ծիծաղում էր ու երբ լաց էր լինում, երբ ճոճվում էր ճոճանակին, երբ ինչ-որ բան էր թափում, երբ խաղալով մոռանում էր ամեն բան, երբ սանրում էին նրա մազերը, երբ նա ծիծաղում էր ու երբ լաց էր լինում, երբ քնած էր ու երբ արթնանում էր, երբ երգում էր, ճչում, ճղավում, շշնջում, երբ ախորժակով ուտում էր, երբ ծռմռում էր դեմքը, երբ պաչիկներ էր բաժանում և դրանցից խույս տալիս... Միշտ: Ուզում էի ունենալ այդ ամենը, բայց երբ ունեի, հազիվ էի նկատում: Երբ լալիս էի Աբիի կարոտից, իրոք կարոտից էի լալիս, որովհետև ուզում էի պատշաճ մայր լինել…

…Ամեն անգամ, երբ փորձում էի կարդալ, տարակուսանքով կանգ էի առնում` բառը սխալ կարդալով, և մտածում էի` անպատկերացնելի է, որ մենք կարողանում ենք կարդալ. ի՞նչ են իրականում անում աչքերս, ի՞նչ է անում ուղեղս: Կարդալիս նույն բանն էր կատարվում, ինչ որ հեծանիվ քշելիս, որը անպայման սկսում էր տարուբերվել, հենց որ փորձում էի հասկանալ հավասարակշռությունս պահպանելու գաղտնիքը: Կորցրել էի կարդալու ունակությունը: Իսկ ես սիրում էի կարդալ: Կարդալը իմ մշտական ապաստանն էր. նույնիսկ, երբ ընդամենը շշի պիտակ էի տեսնում, պետք է այն անպայման կարդայի, ցրեի միտքս, երբեք պարապ չնստեի գնացքում կամ ուտելիս, կամ ընդմիջմանը որևէ գործերի միջև: Քնելուց առաջ կարդում էի մինչև վերջին պահը: Եթե լույսն անջատելով` երկու րոպեից ավել էի պառկում առանց քնելու, անմիջապես նորից միացնում էի: Չմտածել, չմտորել…

Թարգմանիչ՝ Կարինե Աղաբեկյան

Write a review

Your Name:

Your Email:

Your Review:

Rating: Bad Good



Comments