Թեկնածուն սարսափահար էր: 
Նրա հագուստը «Գունար Էյի» խանութից էր. «Էրմենեջիլդո Զենյա» մոխրագույն զգեստ, «Բորելի» պատվերով վերնաշապիկ և մուգ կարմիր փողկապ` ստորակետանման նախշերով. հավանաբար` «Չերուտի 1881» մակնիշի: Կոշիկի վերաբերյալ ոչ մի կասկած չունեի` ձեռակար «Ֆեռագամո» էր: Մի ժամանակ ես էլ ունեի մի զույգ:

Իմ առջևում դրված փաստաթղթերը բացահայտում էին, որ թեկնածուն գերազանցությամբ ավարտել է Նորվեգիայի տնտեսագիտության և գործարարության կառավարման համալսարանը Բերգենում, մեկ ժամկետ եղել է խորհրդարանում` աջերի կուսակցությունից, և չորս տարի հաջողությամբ կառավարել է միջին չափի մի արտադրական ընկերություն: 
Եվ չնայած դրան` Յերեմիաս Լանդերը սարսափահար էր: Վերին շրթունքը քրտինքի մեջ էր: Նա բարձրացրեց ջրով բաժակը, որ քարտուղարուհիս դրել էր մեր առաջ ցածր սեղանին: 
- Կուզենայի... - սկսեցի ես ու ժպտացի: 
Բայց ոչ այն բաց ու անվերապահ ժպիտով, որը լրիվ անծանոթ մարդու հրավիրում է սրտաբաց զրույցի. դա սրտաբաց ժպիտ չէր£ Այլ քաղաքավարի, ջերմավուն ժպիտ, ինչը, ըստ մասնագիտական գրականության, վկայում է հարցազրուցավարի արհեստավարժության, անկողմնակալության ու վերլուծական մոտեցում ունենալու մասին: Հենց հարցազրուցավարի հուզական ներգրավվածության բացակայությունն է թույլ տալիս թեկնածուին հավատալ նրա անկեղծությանը: Եվ վերջինս, ըստ նույն գրականության, ավելի անաչառ տեղեկություններ կհաղորդի իր մասին, եթե զգա, որ ցանկացած դերասանություն կբացահայտվի, չափազանցությունները` կմերկացվեն, իսկ մարտավարական հնարքները` կպատժվեն: Բայց այդ կերպ ժպտալուս պատճառը մասնագիտական գրականությունը չէր: Քանի որ ես թքած ունեմ այդ ձեռնարկներին. դրանք սոսկ հիմարություններ են սովորեցնում, որոնք ոչինչ չարժեն: Միակ բանը, որ ինձ անհրաժեշտ է, Ինբաուի, Ռիդի և Բաքլիի` հարցաքննության իննքայլանոց եղանակն է: Ուստի, ես այդ կերպ եմ ժպտում, որովհետև հենց այդպիսին եմ` արհեստավարժ, վերլուծող և առանց հուզական ներգրավվածության: Ես ուղեղի որսորդ եմ: Դա առանձնապես բարդ գործ չէ: Բայց ես լավագույնն եմ:

… Մենք` գլխաորսի մասնագետներս, չունենք պաշտոնական դասակարգում կամ կարգավիճակի հետազոտում, որը արվում է անշարժ գույքի ոլորտում, կամ տարվա լավագույնին պարգևատրելու հանդիսություններ, որոնք անցկացնում են լրատվամիջոցները կամ գովազդի ընկերությունները: Բայց մենք գիտենք: Գիտենք` ով է լավագույնը, ովքեր են մրցակիցները, ում վերջն է շուտով գալու: Սխրանքները կատարվում են լռության մեջ, թաղումները` բացարձակ լռության մեջ: Բայց ինձ նոր ողջունած տղան գիտեր, որ ես Ռոջեր Բրաունն եմ` ուղեղի որսորդը, ում հանձնարարած թեկնածուն միշտ ստանում է աշխատանքը, որի համար դիմել է. ով հարկ եղած դեպքում ձեռնավարում է, ստիպում, հուսահատեցնում ու ջախջախում թեկնածուին. ում տված գնահատականին պատվիրատուները կուրորեն վստահում են և առանց տարակուսելու հանձնում են իրենց ընկերության ճակատագիրը նրա ու միմիայն նրա ձեռքը:

Անգլերենից և Ֆրանսերենից միաժամանակյա թարգմանությունը՝ Ալեքսանդր Աղաբեկյանի և Կարինե Աղաբեկյանի:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ