15-րդ դարավերջին մասնատված Իտալիայում Ինոկենտիոս 8-րդ պապի վախճանից հետո պապական տերության գահին է բարձրանում իսպանական ծագմամբ հռչակավոր Բորջա ընտանիքի վերջին ու թերևս ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Ռոդրիգո Բորջան՝ նույն ինքը Ալեքսանդր 6-րդ պապը: Պատմաքաղաքական լարված իրավիճակում Բորջան ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել իր ինքնիշխանությանը սպառնացող կայսրությունների հետ և ամեն գնով պահպանել իր գերակայությունը Ապենինյան թերակղզու իշխանական տերությունների հանդեպ:

2014 թ. լույս տեսած իր միակ վեպում Դարիո Ֆոն, հավատարիմ մնալով Բորջաների մասին պատմական ակունքներին, վերարտադրում է հայտնի գերդաստանի պատմությունը՝ կենտրոնանալով Ալեքսանդր պապի դստեր՝ Լուկրեցիա Բորջայի անձի հետ կապված բազմաթիվ պալատական խարդավանքների և սիրային արկածների վրա: Սակայն հեղինակը, հրաժարվելով ժամանակաշրջանի տարեգրություններում և առավել ուշ գրված հայտնի գրական երկերում պատկերված պապի դաժան ու անխիղճ դստեր կերպարից, ընթերցողի դատին է հանձնում ոչ թե այդ ինտրիգները հյուսող, այլ հոր և եղբոր քաղաքական շահերին զոհ գնացող և այդ խարդավանքներին դիմակայող մի նոր Լուկրեցիայի:

Մեծամասամբ երգիծական ոգով գրված այս վեպում, որ կարող է հիշեցնել Վերածննդի իտալական նովելներն ու կատակերգությունները, հեղինակը դրվագային դերեր է հատկացնում Հումանիզմի դարաշրջանից հայտնի այնպիսի գործիչների, ինչպիսիք են Նիկոլայ Կոպեռնիկոսը, Լոդովիկո Արիոստոն, Անդրեա Մանտենյան, Պիետրո Բեմբոն և այլք:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ